«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Վերադարձ դեպի Բեսարաբիա

Վերադարձ դեպի Բեսարաբիա
30.06.2009 | 00:00

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԵՎ այսպես, հուլիսի 29-ին Մոլդովայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այն բանից հետո, երբ ապրիլյան ընտրությունների ընթացքում «գունավոր հեղափոխության» հերթական բեմադրությունը կանգ առավ կես ճանապարհին, արդեն իսկ պարզ էր, որ գործընթացն այդ նախկին խորհրդային հանրապետությունում չի ավարտվել։
Հարաբերական մեծամասնություն ստացած կոմունիստների բոլոր փորձերը` Մոլդովայի նոր նախագահ ընտրելու ուղղությամբ, անհաջողության մատնվեցին, քանզի աջ կամ ազգայնական ընդդիմությունը, ի դեմս Մոլդովայի լիբերալ, լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների և «Մեր Մոլդովա» դաշինքի, կարողացավ շրջափակել նախագահի ընտրության գործընթացը։ Կոմունիստներին պակասում էր ընդամենը մեկ ձայն, սակայն այդ ձայնն այդպես էլ գնել չհաջողվեց։ Մոլդովայի հեռացող նախագահ Վլադիմիր Վորոնինը հարկադրված էր հայտարարել խորհրդարանի լուծարման և հուլիսի 29-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Սա նշանակում է, որ հեղափոխության երկրորդ փուլն ընդդիմությունն ավարտեց հարաբերական հաջողությամբ, հասնելով իր գլխավոր նպատակին` նոր արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Երրորդ փուլը, այսինքն` իշխանությունը վերցնելու գործընթացը դեռ առջևում է։
Մոլդովական իրադարձությունները դարձան հաստատումն այն իրողության, որ հետխորհրդային տարածքի վերաբաշխման գործընթացը, չնայած Ռուսաստան-Արևմուտք գլոբալ համաձայնությունների մասին տարբեր կանխատեսումներին, շարունակվում է։ Ճիշտ է, Մոլդովայի պարագայում առկա է ևս մեկ առանձնահատկություն. մոլդովական ընդդիմության թիկունքին շարունակաբար զգացվում էր մայր Ռումինիայի աներկբա աջակցությունը, քանզի ընդդիմությունն ի սկզբանե հայտարարել է, որ հաղթանակ տանելու դեպքում սկսելու է վերամիավորման գործընթացը մայր հայրենիքի հետ։ Պատահական չէ, որ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն Մոլդովայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակման մասին լուրն առնելուն պես Ռումինիայի պետական հեռուստատեսությամբ ողջունեց այդ հանգամանքը` արձանագրելով, թե մոլդովական ժողովրդավարական ընդդիմությանը հաջողվեց կոռեկտ, բայց համարժեք պատասխան տալ կոմունիստներին։
Հանուն արդարության հարկ է նշել, որ Վլադիմիր Վորոնինի գլխավորած Մոլդովայի կոմունիստական կուսակցությունը, բացի սիմվոլիկայից, այլևս քիչ բանով է հիշեցնում խորհրդային ԽՄԿԿ-ի մոլդովական ստորաբաժանումը։ Անցած ութ տարիների ընթացքում, ինչ Վորոնինը գլխավորել է Մոլդովան, շատ ջրեր են հոսել։ Հատկապես այն բանից հետո, երբ Մոլդովայի տնտեսությունը Ռուսաստանի օգնությամբ վերականգնելու և Մերձդնեստրյան հակամարտությունը Քիշնևի ցանկացած սցենարով լուծելու հույսերը չարդարացան, Մոլդովայի կոմունիստ առաջնորդը բազմիցս կտրուկ շրջադարձեր է կատարել դեպի Արևմուտք` խրախուսելով արևմտյան ազդեցության ամրապնդումը Մոլդովայում։ Սակայն, այնուհանդերձ, կա մի «տեղային», իսկ խորքային իմաստով` ազգային պրոբլեմ։ Վորոնինը կիսով չափ ռուս է և ներկայացնում է Մոլդովայում ռուսախոս բնակչության շահերն ու հետաքրքրությունները։
Ռումինական մամուլը չի թաքցնում դժգոհությունն այն կապակցությամբ, որ Վորոնինի նախագահության տարիներին Մոլդովայի բոլոր կարևորագույն ձեռնարկությունները, երկրի կենսագործունեության ապահովմանն առնչվող ամբողջական ոլորտներ հայտնվել են, այսպես ասած, «ռուսախոս» փոքրամասնության ձեռքին, որի համար ազգային կարևորագույն խնդրի լուծումը` Ռումինիայի հետ վերամիավորումը, ոչ միայն խորթ, այլև ուղղակի վտանգավոր է։ Ի դեպ, ռումինական մի շարք լրատվամիջոցներ էլ հենց այս հանգամանքը նկատի ունենալով առանձնապես ոգևորված չեն նախագահ Տրայան Բեսեսկուի քաղաքականությամբ։ Հատկապես, երբ վերջինս առաջարկեց Մոլդովայում բնակվող բոլոր բեսարաբներին (մոլդովացիներին) միաժամանակ տրամադրել ռումինական քաղաքացիություն։ Ռումինական որոշ ԶԼՄ-ների կարծիքով, այս նախաձեռնությունը կարող է հանգեցնել Մոլդովայի բեսարաբ բնակչության արտագաղթին Ռումինիա, և երկիրն ամբողջությամբ կմնա ռուսախոս զանգվածի տրամադրության տակ, ինչից չի հապաղի օգտվել Մոսկվան և իր սահմանը կրկին կանգնեցնել Պրուտ գետով։
Այնուհանդերձ, չի կարելի ժխտել, որ ԽՍՀՄ-ի փլուզմանը հետևած անցած 20 տարիների ընթացքում Ռումինիայի դիրքերը Մոլդովայում տարեցտարի ամրապնդվել են։ Այդ թվում` ռումինախոս երիտասարդությանը Բուխարեստի ուսումնական հաստատություններում ուսում ստանալու հնարավորություն ընձեռելու ճանապարհով։ Բնակչության տրամադրությունների վրա կարևոր ու բնական ազդեցություն ունեցավ նաև Ռումինիայի ինտեգրումը ՆԱՏՕ և Եվրամիություն։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հասակ առած մոլդովական երիտասարդության մեծ մասը Ռումինիայի հետ վերամիավորումը դիտարկում է նաև որպես միասնական Եվրոպայի քաղաքացի դառնալու հնարավորություն։ Անհերքելի է, որ բոլոր այս հանգամանքների հանրագումարն էր, որ այս տարվա ապրիլի 4-ին և հետագա մի քանի օրերին փողոց դուրս բերեց հենց երիտասարդությանը` բողոքելու իրենց կարծիքով կեղծված ընտրությունների դեմ, ինչի արդյունքում էլ Քիշնևում տեղի ունեցան հայտնի դեպքերը, որոնք ավարտվեցին խորհրդարանի շենքի գրավումով ու հրդեհումով։
Բայց այս ամենն արդեն անցյալ է, ու, թերևս, հետաքրքիր է, թե ինչ է սպասվում ապագայում։ Մինչև արտահերթ ընտրությունների հայտարարումը կոմունիստների դիրքերն ամրապնդելու համար նախագահ Վորոնինի նախաձեռնությամբ ընտրական օրենսգրքում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, խորհրդարանում ներկայացված լինելու համար սահմանված 6 տոկոսի արգելաշեմը փոխարինվել է 5 տոկոսով։ Բացի այդ, եթե նախկին օրենքով պարտադիր էր համարվում ընտրողների առնվազն 50 տոկոսի մասնակցությունն ընտրությունները վավեր ճանաչելու համար, ապա այժմ այդ արգելաշեմը նվազեցված է մինչև 1/3-ը։ Մոլդովայով կանոնավոր զբաղվող վերլուծաբանների կարծիքով, կոմունիստների ընտրազանգվածը, թեպետ տարեցտարի մաշվում է, բայց մասնակցության առումով շատ կարգապահ է, և այս փոփոխությունները կոչված են թեթևացնելու կոմկուսի հոգսն առաջիկա ընտրապայքարում։ Բացի այդ, մինչև արտահերթ ընտրությունների նշանակումը նախագահ Վորոնինը «ձիու քայլ» կատարեց` ծայրահեղ ազգայնական, Մոլդովայի քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության նախագահ Յուրի Ռոշկային նշանակելով փոխվարչապետի պաշտոնում։ Այն էլ չափազանց լայն լիազորություններով, քանի որ Ռոշկային է հանձնված ուժային կառույցների գործունեության համակարգումը` ներառյալ արդարադատության համակարգն ու մաքսային ծառայությունը։ Մոլդովայում շատերն են կարծում, որ այս քայլով Վորոնինը փորձում է կոմունիստների կողմը գրավել հակակոմունիստական, աջ տրամադրություններ ունեցող այն ընտրազանգվածին, որը նախորդ ընտրություններում իր քվեն տվեց ընդդիմությանը։ Կան նույնիսկ ենթադրություններ, որ Ռոշկան Վորոնինի ապագա փոխանորդն է, և այդ նշանակումն իշխանության փոխանցումը սահուն իրագործելու նախագահական սցենարն է։ Հիշեցնենք, սակայն, որ երբ նույն Վորոնինը բացահայտորեն մեղադրեց Ռումինիային ապրիլի 4-8-ի դեպքերը հրահրելու մեջ, Յուրի Ռոշկան հանդես եկավ համարժեք մեղադրանքներով, թե մոլդովական «գունավոր հեղափոխության» սցենարը նախապատրաստել ու գործի են դրել Ռուսաստանի հատուկ ծառայությունները։
Այնուհանդերձ, մոլդովական ընդդիմությունը համարում է, թե Ռումինիայի կողմից բացահայտ աջակցության պայմաններում, ինչը գրեթե հրապարակավ խոստացել է Տրայան Բեսեսկուն, իրենց հաղթելու հավանականությունը ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է` նկատի ունենալով, որ Վորոնինի «ազգայնական» խաղերի արդյունքում նախորդ ընտրություններում կոմունիստների օգտին քվեարկած զանգվածի մի ստվար մասն այս անգամ ուղղակի չի գնա ընտրատեղամաս կամ էլ նույնիսկ կքվեարկի ընդդիմության օգտին։ Ըստ այդմ, ընդդիմադիրները Մոլդովայում հավանաբար չեն գնա միասնական դաշինքի ձևավորման, համարելով, որ հաղթանակի իրենց շանսերն առանց այդ էլ բավարար են։
Մոսկվայում, բնականաբար, շարունակում են խանդով հետևել մոլդովական իրադարձություններին։ Մի կողմից` գործող նախագահ Վորոնինն իր կոմունիստներով բազմիցս ապացուցել է, որ չի կարող լինել հուսալի գործընկեր և հենարան` այս տարածաշրջանում ռուսական շահերի անձեռնմխելիությունն ապահովելու տեսանկյունից։ Մյուս կողմից, սակայն, Մոլդովայի կոմկուսը միակ քաղաքական ուժն է, որի օգտին կարող է քվեարկել ռուսախոս ընտրազանգվածը։ Թեպետ կան ոչ անհիմն կարծիքներ, որ Կրեմլում դեռևս ապրիլյան իրադարձություններից հետո հասկացել են, թե ինչ է կատարվում, և որ 1940-ի (վերջնականապես 1944-ին) Բեսարաբիայի և Հյուսիսային Բուկովինայի անեքսիան ԽՍՀՄ-ի կողմից` այդ տարածքները Ռումինիայից անջատելու տարբերակով, վերջնականապես անցնում է պատմության գիրկը։ Մասնավորապես, դեռ ապրիլին այդպիսի կարծիք էր հայտնել Հայաստանում ոչ անհայտ և Կրեմլի որոշակի շրջանակների տեսակետները հետխորհրդային տարածքում ներկայացնող Մոդեստ Կոլերովը, ըստ որի` «Մոլդովայի ռումինիզացիան այլևս անխուսափելի է»։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3168

Մեկնաբանություններ